ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ձու արտադրող փոքր ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ձվի իրացման շուկայում եղած խնդիրները: ՏՄՊՊՀ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում արտադրողներն ասել են, որ կանգնած են շուկայից դուրս մնալու վտանգի առաջ, քանի որ ավելի խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով։Ըստ Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ-ի տնօրեն Համբարձում Մաթեւոսյանի՝ իրացման շղթայում խանութները հիմնականում չեն համագործակցում իրենց հետ: Նրանք աշխատում են միջնորդավորված՝ վերավաճառողների միջոցով, որոնք իրենցից ձուն գնում են միջինում 25-30 դրամով, վերավաճառում են խանութներին եւ արդյունքում այն վերջնական սպառողին է հասնում 40-60 դրամով։Երազգավորս գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Սուրեն Գրեյանն էլ հարց է բարձրացրել ձվի մակնշման հետ կապված, ինչը եւս կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում: Ըստ արտադրողների տեսակետի՝ պետք է նաեւ սահմանափակվի ձվի արտադրության կամ ներկրման ծավալները: Նրանք առաջարկել են՝ որոշակի ծավալներից ավելի արտադրելու կամ ներկրելու պարագայում կիրառվի ավելի բարձր հարկային շեմ, ինչը, նրանց կարծիքով, դաշտում որոշակի կանոնակարգում կմտցնի: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ թեեւ դաշտը մրցակցային է, սակայն կան խոշոր ընկերություններ, որոնց գործունեության նկատմամբ, ինչպես նաեւ արտադրանքն իրացնող խոշոր առեւտրային կետերի նկատմամբ իրականացվում է որոշակի վերահսկողություն եւ կան օրենքով սահմանված սահմանափակումներ:Նա հայտնել է, որ կուսումնասիրվեն արտադրողների կողմից ներկայացված խնդիրները եւ օրենսդրական խախտումները փաստող հանգամանքների առկայության դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ: Tweet Դիտում՝ 2175