ԵԱԶԲ-ն Հայաստանում 5,6% տնտեսական աճ է կանխատեսում

08.06.2018 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #զեկույց #ՀՆԱ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի տնտեսության համար 2018-ին կանխատեսում է 5,6% տնտեսական աճ:

Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հունիսյան մակրոտնտեսական զեկույցում:

Ավելի վաղ ԵԱԶԲ-ն Հայաստանի համար 2018-ին կանխատեսել էր ՀՆԱ-ի 3% աճ:


«Տնտեսական աճի բարձր տեմպերը 2018թ. կպահպանվեն, ինչին կնպաստեն խթանող դրամավարկային պայմաններն ու ներքին պահանջարկի ընդլայնումը: Մեր կանխատեսմամբ՝ տնտեսությունում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները կշարունակվեն, որոնք հնարավորություն կտան ընդլայնել աճի պոտենցիալ տեմպերը՝ առաջին հերթին, արտահանմանն ուղղված ճյուղերի հաշվին: Արդյունքում, 2018-ին ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 5,6% եւ մինչեւ 2020-ը կկայունանա 5% մակարդակում»,- կարծում են ԵԱԶԲ-ում:

Կազմակերպության վերլուծաբաններն ակնկալում են, որ գնաճը Հայաստանում, 2018-ի արդյունքներով, կկազմի 4,1% եւ միջնաժամկետում կգտնվի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նպատակային ցուցանիշին մոտ:

«Ներքին պահանջարկն ու ակցիզային հարկի դրույքների ավելացումը կնպաստեն գների բարձրացմանը: Աճող գնաճային ճնշումը հետզհետե կնպաստի տնտեսության հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնող ազդեցության կրճատմանը»,- ասված է զեկույցում:

Ակնկալվում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահուն կերպով կբարձրացվի մինչեւ չեզոք մակարդակ՝ 7-7,5%՝ ըստ ԵԱԶԲ-ի գնահատականների:

Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայում սահմանված է 6% մակարդակում:

ԵԱԶԲ-ն 2018թ. ՀՆԱ-ի աճը Բելառուսում կանխատեսում է 3,7%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝  3,4%, Ռուսաստանում՝ 1,8%, Տաջիկստանում՝ 7%:

Կազմակերպությունը հավատացած է, որ տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր կարելի է ապահովել ստվերային տնտեսության կրճատման հաշվին, որը, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 36%-ը, Ղազախստանում՝ 32,8%-ը, Ղրղըզստանում՝ 30,1%-ը,  Բելառուսում՝ 32,4%-ը, Տաջիկստանում՝ 37,8%-ը, իսկ Ռուսաստանում՝ 33,7%-ը:
Դիտում՝ 8349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW