«Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր հայտարարություն է տարածել մի խումբ մարդկանց կողմից Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները փակելու վերաբերյալ։ «Արդեն երկրորդ օրն է մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից եւ խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլեւ երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր: Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբեւէ նախագծված լավագույն ծրագիրն է: Ծրագիրը, ի դեպ, դեռեւս չի շահագործվում եւ գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված եւ ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող եւ կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:«Լիդիան Արմենիա»-ն պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության եւ ցանկացած այլ չափանիշներով: Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ եւ միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը եւ հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ եւ շուտափույթ լուծում»,- ասված է հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 2157