«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության ` Quick Start նախագիծը շարունակում է տարածվել եւ իր դիրքերն ամրապնդել Հայաստանի մարզերում: Ինչպես նշել են ընկերությունում, նախագիծը, հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը, վերապատրաստում է մասնագետներ եւ կապ հաստատում իր լավագույն շրջանավարտների եւ գործընկեր գործատուների միջեւ արդեն ոչ միայն Երեւանում, այլեւ՝ Գյումրիում: Quick Start-ը՝ «Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի»-ի հետ համագործակցությամբ, Շիրակի մարզ է մուտք գործել 2017-ին՝ իրականացնելով «Վարկային մասնագետի պատրաստում» ծրագիրը: Իսկ 2018-ի մարտ եւ ապրիլ ամիսներին իրականացվել է Quick Start նախագծի երկրորդ ծրագիրը՝ «Թվային մարքեթինգի մասնագետի պատրաստում»: «Ներկայումս դժվար է պատկերացնել ինչ-որ ընկերություն, որը չի օգտագործում թվային մարքեթինգի գործիքները եւ հնարավորությունները: Թվային մարքեթինգն այսօր ծառայում է որպես սեփական բիզնեսը թվային հարթակներում ներկայացնելու, գովազդելու եւ վաճառքները խթանելու միջոց: Բացառություն չեն նաեւ Գյումրիում գործող ընկերությունները. ծրագրի ներդրումից առաջ մեր մասնագետները իրականացրել են հետազոտություն Գյումրի քաղաքում, որի արդյունքում բացահայտվել է թվային մարքեթինգի մասնագետների մեծ պահանջարկը նաեւ այստեղ: Վստահ ենք, որ մեր ծրագրի որակավորված շրջանավարտների միջոցով կկարողանանք բարձրացնել Գյումրիում գործող ընկերությունների թվային մարքեթինգի արդյունավետությունը՝ նպաստելով վաճառքի ծավալների աճին եւ Գյումրի քաղաքի տնտեսական զարգացմանը»,- նշել է BSC-ի բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գեւորգյանը Quick Start-ի մասնագետները Գյումրիում գործող մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել «Թվային մարքեթինգի մասնագետի պատրաստում» ծրագրի որակավորված մասնագետների թեկնածությունները՝ որպես ապագա աշխատակիցներ դիտարկելու վերաբերյալ: «Նախագծի գործընկերների ցանկում դեռեւս չընդգրկված ընկերությունները եւս կարող են դիմել Quick Start-ի մասնագետներին՝ իրենց թիմը որակավորված մասնագետներով համալրելու եւ ընկերության թվային մարքեթինգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: «Quick Start-ի գործունեության այս մեկ ու կես տարվա ընթացքում Երեւան քաղաքում արդեն իսկ ունեցել ենք ավելի քան 230 շրջանավարտներ, եւ մի շարք աշխատանք փնտրողներ Quick Start-ի միջոցով գտել են իրենց ցանկալի աշխատանքը: Սակայն, մեր նպատակն է իրագործել Quick Start-ի առաքելությունը ոչ միայն Երեւանում՝ այլեւ՝ ՀՀ բոլոր մարզերում: Վստահ ենք, որ Գյումրիում նախագծի դիրքավորումը ամուր հիմք կհանդիսանա ՀՀ մյուս մարզերում եւս Quick Start-ի տարածման համար, եւ ողջ Հայաստանի տարածքում կգրանցենք հաջողության պատմություններ, երբ մեր նախագծի միջոցով մասնակիցները վերապատրաստվում ու ձեռք են բերում ցանկալի աշխատանք»,- հավելել է Աննա Գեւորգյանը:Ընկերությունում կարեւորել են այն փաստը, որ Գյումրի քաղաքում իրականացված ծրագրերի մասնակցության վճարի 50%-ը ֆինանսավորվել է BSC-ի գործընկեր «Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի»-ի կողմից, ինչի շնորհիվ ծրագրերը հասանելի են դարձել տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող գյումրեցիների համար: Tweet Դիտում՝ 2990