Երեւանում այսօր մեկնարկել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից իրականացվող «Արագ անցում» (Quick Start) նախագիծը, որի նպատակն է բուհի նորավարտներին ապահովել մասնագիտական գիտելիքներով, անհրաժեշտ գործնական ունակություններով եւ հոգեբանական պատրաստվածությամբ` դարձնելով նրանց առավել մրցունակ աշխատաշուկայում:Նախագծի շրջանակում տարբեր գործիքների կիրառման միջոցով (այդ թվում` թեստավորում, դասընթացներ, վարպետության դասեր) ստեղծվելու է մի հարթակ, որտեղ աշխատանք փնտրողները կարճ ժամանակում կկարողանան գտնել իրենց ցանկալի աշխատանքը, իսկ գործատուները՝ նվազեցնել աշխատակից գտնելու ուղղությամբ ծախսվող ռեսուրսները: BSC-ն նախագծում ներգրավելու է պետական եւ ոչ պետական, հասարակական, միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ընկերությունների, համալսարանների, որոնց հետ իրականացվելու են համատեղ ծրագրեր: «Quick Start երկարաժամկետ նախագիծը նվիրված է բուհից աշխատաշուկա արագ անցմանը: Ներկայում բուհերի տված գիտելիքները, կարողություններն ու ունակությունները մեծամասամբ չեն համապատասխանում շուկայի կարիքներին: Փորձելու ենք նախագծի շրջանակում օգնել նորավարտներին ավելի հեշտությամբ գտնել աշխատանքը»,- նշել է BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:Նրա խոսքով` գործատուների շուրջ 15%-ը կարծում է, որ դիմորդների մոտ բացակայում են վերլուծական, ներկայացուցչական եւ թիմային հմտությունները, որոնք չեն ուսուցանվում բուհերում, եւ այս բացը լրացվելու է BSC-ի կազմակերպած թրեյնինգների միջոցով: Մյուս կողմից, աշխատանք է տարվելու գործատուների հետ` հստակեցնելու աշխատատեղ ստեղծելու, աշխատանքի նկարագրության, պահանջվող ունակությունների ու հմտությունների վերաբերյալ մոտեցումները: Tweet Դիտում՝ 17122