«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2018թ. 1-ին եռամսյակն ամփոփել է դրական ցուցանիշներով՝ շուրջ 175 մլն դրամ շահույթով: Կազմակերպությունում նշել են, որ վարկային պորտֆելը 2018թ. առաջին եռամսյակում աճել է ավելի քան 4%-ով, իսկ ակտիվները հասել են 14,6 մլրդ դրամի: «Ամփոփելով առաջին եռամսյակի ցուցանիշները՝ կարող ենք նշել, որ ընկերության հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացել ենք գրանցել ֆինանսական բոլոր ցուցանիշների գծով հաստատուն եւ զգալի աճ, մասնավորապես՝ ամենակարեւոր ցուցանիշներից մեկի՝ շահույթի գծով»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:Նրա խոսքով՝ 2018թ. ընկերության քաղաքականությունը միտված է լինելու նոր վարկատեսակների ներդրմանը եւ գործող վարկատեսակների բարելավմանը: «Լինելով գյուղատնտեսությունը վարկավորող կազմակերպություն՝ մեզ համար շատ կարեւոր է շարունակել նպաստել գյուղատնտեսական փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Վստահ եմ, որ տարին կամփոփենք գոհացուցիչ ցուցանիշներով, քանի որ առաջին եռամսյակը ցույց տվեց, որ մեր որդեգրած ռազմավարությունը ճիշտ էր»,- ամփոփել է Ալեքսանդր Տերյանը: Tweet Դիտում՝ 4764