Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկն ու Ամերիաբանկը 5 տարի ժամկետով կնքել են $15 մլն-ի վարկային պայմանագիր: Ամերիաբանկում նշել են, որ պայմանագրի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում: «ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ եւ առաջնահերթ խնդիր է հանդիսանում: Տրամադրվող վարկային միջոցները Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին առաջարկել պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորումը, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջիններիս աճն ու մրցունակությունն ապահովելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասված է հաղորդագրությունում: «Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում եւ ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ եւ իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը եւ հատկապես՝ ՓՄՁ ոլորտը»,- նշել է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովը: Tweet Դիտում՝ 12032