ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում կարեւորել է տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) անկախ գործելաոճը:«Ինձ համար էական է, որ ՏԻՄ-ը լինի անկախ`գյուղապետը չդառնա մարզպետի կցորդ, ավագանին՝ մարզպետի կամակատար։ Այս դեպքում լսելի կլինի համայնքի ձայնը եւ պաշտպանված կլինեն բնակչի իրավունքները»,- ասել է նախարարը:Առաջին փոփոխությունը, նրա խոսքով, մարդկանց մտածողության մեջ պետք է լինի. «Ես աշխատակազմին ուղիղ տեքստով ասել եմ, որ Հայաստանում վերականգնվել է օրինականությունը։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Հայաստանում չի գործելու։ Լինելու են մրցակցային, ազատ հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի աջակցել հասարակության այն հատվածներին, որոնք անարդարության պատճառով տուժել են»։Անդրադառնալով կառավարության կազմում երիտասարդների ներգրավմանն առնչվող քննարկումներին՝ 32-ամյա նախարարն ասել է. «Բնականաբար, փորձի պակասը չի կարող տեսանելի չլինել, սակայն փորձն աշխատանքի ընթացքում է ձեռք բերվում։ Չէ՞ որ մյուսները, որ դարձել են փորձառու, մի օր ինձ նման անփորձ ստանձնել են ինչ-որ գործ։ Կարծում եմ` այստեղ էական է ոչ թե փորձառությունը, այլ կամքը, լավը, բարին կերտելու ցանկությունը։ Մենք ունենք այդ կամքը եւ մի քայլ չենք նահանջելու։ Փորձառության մասով մեզ կօգնեն մեր ավագ ընկերները, ովքեր աշխատում են միջին օղակներում։ Ես սիրով դիմում եմ նրանց, դիմում եմ ոլորտին ծանոթ մարդկանց, շփվում եմ նախկին նախարարների, փոխնախարարների հետ եւ փորձում եմ բոլորի պոտենցիալը ներդնել նոր Հայաստանի կերտման մեջ»:Սուրեն Պապիկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 4215