Երեւան, 27 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում անցկացվել է “Վալլետտա” ընկերության պարտատոմսերի տեղաբաշխմանը նվիրված շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Վալլետտա” ՍՊԸ ժողովի նախագահ Հենրիկ Զաքարյանցը նշել է, որ արժեթղթերի շուկա դուրս գալու ռազմավարական որոշման իրականացմանը մեծապես նպաստեց Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2007 թվականի սկզբին ընկերությանը շնորհված B- վարկանիշը: Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 350 մլն դրամ, յուրաքանչյուրի անվանական արժեքը` 50 հազար դրամ, քանակությունը` 7 հազար հատ, տարեկան տոկոսադրույքը` 10,5%, մարման ժամկետը` 18 ամիս: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչն ու գլխավոր թողարկողն է “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ն: Հենրիկ Զաքարյանցի խոսքերով, “Վալլետտան” արձանագրում է աճի դինամիկ տեմպեր, եւ թափանցիկ աշխատանքը կնպաստի նրա գործունեության ընդլայնմանը եւ բարենպաստ ազդեցություն կունենա ընկերության իմիջի վրա: “Վալլետտա” ՍՊԸ ժողովի նախագահը հայտնել է, որ ընկերությունն ավարտել է երեք “ներդրումային ծրագրերի մշակումը` արդյունաբերության, հասարակական սպասարկման, շինարարության եւ անշարժ գույքի ոլորտներում: “Այս ծրագրերն այնքան գրավիչ են, որ մի շարք եվրոպական ինստիտուցիոնալ ներդրողներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել դրանց իրագործմանը”, - նշեց նա: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ խորացնելով գիտելիքները շուկայական տնտեսության ոլորտում, հայկական ընկերություններն իրենց համար “հնարավորությունների նոր պատուհան” են բացում: Նա հույս է հայտնել, որ “Վալլետտայի” օրինակին կհետեւեն այլ ընկերություններ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախաձեռնության յուրահատկություն կայանում է նրանում, որ “Արմսվիսբանկի” նախաձեռնությամբ ստեղծվել է բանկերի եւ մեկ ֆինանսական կազմակերպության խումբ, որոնք ձգտում են ծրագիրն իրականացնել համատեղ ուժերով: “Սա վկայում է այն մասին, որ նման գործիքները համախմբում են առեւտրային բանկերին, ինչը դրական ազդանշան է մեզ համար”, - նշել է Կենտրոնական բանկի ղեկավարը: “Արմսվիսբանկի” գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը նշել է, որ “Վալլետտա” ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպման համար ստեղծվել է սինդիկատ` “Արմսվիսբանկի”, “Կոնվերսբանկի”, “Զարգացման հայկական բանկի” եւ “Ֆյուչեր Քափիթալ Մարքեթ” ներդրումային ընկերության մասնակցությամբ: “Վալլետտա” ընկերությունը վարում է դիվերսիֆիկացված գործունեություն, զբաղվելով, մասնավորապես, սննդամթերքի եւ կենցաղային տեխնիկայի մեծածախ եւ մանրածախ առեւտրով, հասարակական սննդի օբյեկտների շահագործմամբ, մսամթերքի, սրճի արտադրությամբ եւ այլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7403