ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնակատար Հայկ Հարությունյանն այսօր անդրադարձել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ նոր կառավարությանն ուղղված առաջարկներին այն մասով, որոնք վերաբերում են վերականգնվող էներգետիկային: Մասնավորապես, առաջարկվող քայլերի շարքում Հրանտ Բագրատյանը նշել էր «արեւային էներգիայի եւ քամու մասով» կանաչ տարիֆներ հայտարարելու անհրաժեշտության մասին:«Մենք անընդհատ վերջերս տեսնում ենք, թե ռեֆորմ է գնում, թղթեր են պատրաստվում, բայց այդտեղ ռեֆորմ չկա: Ռեֆորմի էությունը նրանում է, որ եթե մարդն արեւային կայան է կառուցում, ուրեմն պետք է լիցենզիա ստանա, բայց իրականում դա չպետք է լիցենզավորվի: Դա հակառեֆորմ է»,- ասել էր Հրանտ Բագրատյանը: 10.05.2018 | 11:02 Հրանտ Բագրատյանի առաջարկները նոր կառավարությանը Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է, որ կանաչ տարիֆ քամու էներգետիկայի համար գոյություն ունի 2008-ից. այն ժամանակ 8 եվրոցենտ էր, այսօր՝ 9 դոլարցենտ: Նրա խոսքով՝ բազում միջոցառումներ են իրականացվել, եւ ունեն 2 խոշորագույն ներդրումային ծրագիր՝ շուրջ €300 մլն արժողությամբ:«Դրանք իրագործելու համար ժամանակ է անհրաժեշտ՝ ելնելով ոլորտի տեխնիկական եւ ենթակառուցվածքային առանձնահատկություններից: Չափումներն արվում են, որոնք, վստահ եմ, կտան դրական արդյունքներ: 2-3 տարվա ընթացում կունենանք հզոր հողմային կայաններ»,- նշել է նա: Արեւային էներգետիկայի մասով Հայկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է.«Պետք է նշենք, որ մենք լիցենզիայից ազատել ենք սեփական կարիքների համար մինչեւ կես մեգավատտ հզորությամբ կայանները: Այսինքն՝ ցանկացած բիզնես, տուն, բազմաբնակարան շենք կարող է իր կարիքների համար մինչեւ կես մեգավատտ արեւային կայան տեղադրել: Իրավաբանական անձանց համար սահմանվել է կես մեգավատտ, ֆիզիկական անձանց համար՝ 150 կիլովատտ, քանի որ Հայաստանում իրականում շատ քիչ ֆիզիկական անձ կգտնվի, որին սեփական կարիքների համար 150 կիլովատտից ավելի անհրաժեշտ կլինի: Այն, որ սեփական կարիքների համար լիցենզիա չկա, մենք գնահատում ենք դրա էֆեկտը եւ հասկանում, որ դա համակարգի վրա ո՛չ հավելյալ բեռ կառաջացնի, ո՛չ տեխնիկական ռիսկեր, ո՛չ էլ վերջնական սպառողական սակագնի վրա բացասական ազդեցություն կունենա: Սակայն մեծ կայանների դեպքում մենք պետք է հստակ հասկանանք, թե Հայաստանում որտեղ դրանք կառուցվեն՝ խորհուրդ տանք եւ մենք՝ որպես պետություն, պատասխանատվություն վերցնենք մեզ վրա եւ մեր քայլերով ուղղորդենք ներդրողին: Բաց թողնելու դեպքում սա կբերի մի իրավիճակի, երբ պետությունը պարտավորություն է ստանձնել եւ շատ կարճ ժամանակահատվածում չի կարողանում իրականացնել այդ պարտավորությունները: 26.04.2018 | 18:00 Սահմանվել է Հայաստանում արեւային էլեկտրաէներգիայի սակագինը Մենք գնացինք միջազգային մրցույթի ճանապարհով եւ ստացանք շատ մրցունակ տարիֆ՝ ավելի ցածր, քան բոլոր մեր ջերմային կայաններինը: Ստացանք Եվրոպայում եւ տարածաշրջանում ամենացածր տարիֆը, եւ կարող եմ հայտարարել, որ առանց սուբսիդավորման, առանց պետական գումարների՝ ստացանք աշխարհի ամենացածր սակագինը»: Tweet Դիտում՝ 4838