Հրանտ Բագրատյանի առաջարկները նոր կառավարությանը

10.05.2018 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հրանտ Բագրատյան
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մայիսի 9-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ նոր կառավարությանն առաջարկել է տնտեսության զարգացմանն ուղղված քայլերի համախումբ:

«Ներկայացնում եմ քայլերի մի խումբ, որը, նախ, թույլ չի տա, որ տնտեսությունն անկում ապրի նորից, եւ, երկրորդ՝ կօգնի, որ այն աստիճանաբար բարձրանա:

Առաջին եւ հիմնական քայլը՝ ես ինձ մոտ կհրավիրեի Հարկային տեսչության պետին եւ կասեի նրան՝ հայտարարի, որ հունիս 1-ից հանքահումքային ռեսուրսների արտահանումը օֆշորների միջոցով արգելվում է՝ այդ հաշիվները չընդունեք եւ չհաշվառեք: Իմ գնահատականով՝ $1,2 մլրդ-ի հանքահումք է արտահանվում օֆշորների միջոցով: Օրինակ, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը պղինձը բեռնում են օֆշորին $3 հազ-ով: Այդ $3 հազ-ից իրենք իրենց հարկը տալիս են մեր պետությանը, իսկ օֆշորային ընկերությունը բեռնում է պղինձն իրական վերջնական սպառողին $6 հազ-ով: Մենք չպետք է ունենանք օֆշորում գրանցված որեւէ ընկերություն, որին թույլ ենք տալիս արտահանումը:

Երկրորդ՝ կհրավիրեի էներգետիկայի նախարարին եւ կասեի՝ հայտարարեք կանաչ տարիֆ արեւային էներգիայի եւ քամու մասով: Մենք անընդհատ վերջերս տեսնում ենք, թե ռեֆորմ է գնում, թղթեր են պատրաստվում, բայց այդտեղ ռեֆորմ չկա: Ռեֆորմի էությունը նրանում է, որ եթե մարդն արեւային կայան է կառուցում, ուրեմն պետք է լիցենզիա ստանա, բայց իրականում դա չպետք է լիցենզավորվի: Դա հակառեֆորմ է:

Երրորդ՝ կհրավիրեի Կենտրոնական բանկի նախագահին եւ կառաջարկեի, որ 4 ամսվա ընթացքում բոլոր բանկերը դարձնենք բաց բաժնետիրական ընկերություն եւ մտցնենք ֆոնդային բորսա՝ սակարկության պարտադիր պայմանով: Մենք պետք է ցուցիչ ունենանք այդ մասով»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Տնտեսագետն անդրադարձել է նաեւ ներդրումների թեմային:

«Նախ, Հայաստանի օրենսդրությամբ դեռ որոշված չէ, թե ինչ բան է ներդրումը եւ դա բարդ բան չէ: Վարչապետն անմիջապես պետք է ձեռնամուխ լինի Հայաստանի ներդրումային հիմնադրամի ստեղծմանը (դա կապ չունի այսօրվա Հայաստան հիմնադրամի հետ, դա էլ թող մնա): Կառավարությունն ամբողջ հայությանը պետք է առաջարկի նախագծեր: Օրինակ, պայմանականորեն, հունիսի 1-ից սկսվում է Կապսի ջրամբարի համահայկական IPO-ն: Իմ տվյալներով՝ հայությունը մոտ $250 մլրդ (իսկ կառավարության ամենահամեստ հաշվարկներով՝ $100 մլրդ) խնայողություն ունի»,- նկատել է նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյանն ընդգծել է, որ ինքն օգտագործում է այս առիթը ներկայացնելու իր առաջարկը:

«Այո, քաղաքական փոփոխություն ենք արել, բայց պետք է հասկանանք, որ հանրապետության տնտեսությունը վատ վիճակում է: Այն արտաքին կայունությունը, որը կա, հիշեցնում է խորհրդային 80-ականների հոգեւարքը՝ անընդհատ կայունություն, մինչդեռ իրական տնտեսական աճ չունենք, ավելին՝ երկիրը հետադիմում է»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ տնտեսագետն ասել է.

«Երբ գալիս եք իշխանության, ուզում եք տրվել մարդկանց բավարարելու գայթակղությանը՝ աշխատավարձի բարձրացում եւ այլն: Վտանգավոր է բյուջեի վիճակը, ինձ համար մի ցուցիչ կա, որ սպառումը հավասար է ՀՆԱ-ին: Այս պայմաններում կարեւոր եմ համարում առաջարկել մի մոդել, որի դեպքում տեղի է ունենում ապակենտրոնացում: Ես չեմ ուզում սրանով իմ անձն ընդգծել, որովհետեւ, ի վերջո, արվելու է այն քաղաքականությունը, որը վարչապետը ճիշտ կհամարի: Բայց ես շտապում եմ ճնշելու նրան, որպեսզի գնա տնտեսության ազատականացմանը, մարդուն ասի՝ այո, դու ավելի բարձր աշխատավարձ կստանաս, եթե ավելի շատ աշխատես, եւ ես քեզ տալիս եմ աշխատելու այդ շանսը: Խոստումներ պետք չէ տալ՝ աշխատավարձերի եւ այլ առումներով, այդ բոլորը հանրապետականներին է բնորոշ, այսպես ասած, կոնսերվատիվ կենտրոնացած մտածելակերպին»,- ամփոփել է Հրանտ Բագրատյանը:
Դիտում՝ 7541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW