Սահմանվել է Հայաստանում արեւային էլեկտրաէներգիայի սակագինը

26.04.2018 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրաէներգիա #հայեցակարգ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձեւավորվել է միջազգային մրցույթի արդյունքում:

«Աննախադեպ սակագին սահմանեցինք՝ 4,19 ցենտ: Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արեւային էներգետիկան»,- ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը:

Նա հայտնել է նաեւ, որ հայեցակարգով նախատեսվում է մինչեւ տարեվերջ Հայաստանում կառուցել կուտակիչ կայան՝ 14 ՄՎտ կուտակային հզորությամբ, որ կլինի աշխարհում 10-րդը:

«Այսինքն՝ Հայաստանը կմտնի այն տասնյակի մեջ, որոնք արդեն իրենց երկրներում զարգացրել են արեւային առաջավոր տեխնոլոգիաները»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:    

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դրանք համարել է հեղափոխություն՝ էներգետիկայի ոլորտում:

«Արեւային ռեսուրսի առումով Հայաստանը գտնվում է ամենալավ երկրների շարքում: Եվ այս կուտակիչ տեխնոլոգիան կիրառելու դեպքում՝ մենք մոտակա տարիներին մեր էներգետիկ անվտանգությունն ու կախվածությունն այլ էներգառեսուրսներից փոխում ենք: Արեւային էներգետիկայի առումով Հայաստանն այսօր գտնվում է ամենազարգացած երկրների շարքում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ սահմանված սակագինն ավելի ցածր է, քան փոքր ՀԷԿ-երի սահմանած սակագինը:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ հանձնարարվել է նախարարությանը վերանայել 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագիրը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր հաստատվել է Հայաստանի էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման եւ կառավարման հայեցակարգը:

Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20%-ը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով՝ գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման:

«Փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության աստիճանը: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռք բերման եւ դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել եւ շահագործման հանձնել առաջնեկային (պիլոտային) էլեկտրակուտակիչ կայան»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 7006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW