Երեւան, 26 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ՎՏԲ” բանկը ձեռք է բերել Mika Armenia Traiding ընկերությանը պատկանող 30 տոկոս մինուս մեկ բաժնետոմս եւ դարձել է “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ միանձնյա սեփականատերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, այս մասին ասվում է ՎՏԲ- տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ “ՎՏԲ-Հայաստան” բանկի բիզնեսի զարգացումը նախատեսում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորման ընդլայնում”: Բանկը մասնավորապես մտադիր է գրավել կորպորատիվ հաճախորդների վարկավորման շուկայի 20%-ը եւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից միջոցների ներգրավման շուկայի 15%-ը: “Հաջորդ կարեւոր քայլը “ՎՏԲ-Հայաստան” բանկի ռազմավարության իրականացման ուղղությամբ կդառնա կանոնադրական կապիտալի կրկնապատկումը, ինչը կնպաստի բանկի ներդրումային հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանում բանկային ծառայությունների շուկայում ՎՏԲ խմբի մրցակցային դիրքերի հետագա ամրապնդմանը”, - ասվում է հաղորդագրության մեջ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Միկա Լիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը “ՎՏԲ-Հայաստան” բանկի իրեն պատկանող 30% բաժնետոմսերը վաճառելու իր որոշման մասին առաջին անգամ հայտարարել էր 2006 թվականի օգստոսին: Այն ժամանակ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում գործարարն ասել էր, որ բաժնետոմսերը վաճառելու որոշումը պայմանավորված է “որոշակի հիասթափությամբ”` կապված “ՎՏԲ-Հայաստան բանկի” աշխատանքի արդյունքների հետ: “Նախկինում բանկը երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող ավելի շատ հարցեր էր լուծում, քան այսօր: Միջոցները պետք է ներդնել ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար, սակայն երբեմն մեզանից անկախ պատճառներով դա չի հաջողվում”,- ասել է Միխայիլ Բաղդասարովը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում: 2006 թվականի նոյեմբերին Միխայիլ Բաղդասարովն ասել էր, որ իր բաժնեմասի վաճառքի վերաբերյալ բանակցում է ռուսական “ՎՏԲ” խմբի եւ հայկական SIL կոնցեռնի հետ: Գործարարն ասում էր, որ նախապատվությունը կտա առավել բարձր գին առաջարկողին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7137