Այսօր մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը, որի նպատակն է հանրության շրջանում կարեւորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը: Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվեն ուսուցողական եւ տեղեկատվական ինտերակտիվ միջոցառումներ: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն այսօր շեշտադրել է ծրագրի կարեւորությունը՝ նշելով, որ այս տարի ծրագրի միջոցառումներն ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի եւ հմտությունների զարգացմանը, հետեւյալ 7 թեմաներով՝ անձնական բյուջեի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ եւ խարդախություններ: ՀՀ Կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սեւակ Միքայելյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Նրա խոսքով՝ մասնակիցները «ֆինանսական շրջագայության» ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կարող են մասնակցել տարաբնույթ մրցույթների, ինչպես նաեւ՝ ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից գլխավոր դրամատանն անցկացվող տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներին: Գրեթե բոլոր մարզերի դպրոցականները, ձեւավորելով խմբեր, հնարավորություն կունենան կիսվել իրենց ֆինանսական գիտելիքներով եւ ձեռքբերումներով Ֆինանսատնտեսագիտական (Brain Ring) խաղ մրցույթի ժամանակ, ինչպես նաեւ մասնակցել խնայողությունների խաղին: Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան այցելելու Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների գրասենյակներ եւ ծանոթանալու կենսաթոշակային նոր համակարգին: Սեւակ Միքայելյանը նաեւ տեղեկացրել է, որ անցած տարի միամսյակն ունեցել է շուրջ 10 հազ մասնակից՝ տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ամենատարբեր միջոցառումների: Ծրագրի ընթացքում կիրականացվեն, ինչպես ավանդույթ դարձած, այնպես էլ նոր միջոցառումներ, ինչպիսիք են՝ - ՖինՄարզում ծրագիրը, որի ընթացքում 6 մարզերում կիրականացվեն սեմինարներ՝ 7 հիմնական թեմաներով (տնտեսություն, անձնական բյուջեի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ եւ խարդախություններ), - Բյուջետիկ սեղանի խաղ, որը կանցկացվի Սիթիզեն մանկական քաղաքում: Խաղը երեխաների մոտ կզարգացնի անձնական ֆինանսները կառավարելու բազիսային կարողություններ, - Երեխաները ֆինանսների մասին ծրագիրը, որի ընթացքում 7-13 տարեկան երեխաները հարցազրույցների ընթացքում կստանան սպառիչ պատասխաններ խնայողություն, վճարային քարտեր, վարկ, փող եւ ապահովագրություն թեմաների վերաբերյալ: Երեխաների հարցերին պատասխանելու են ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետները: «Ֆինանսական կառույցների համար այս միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ ֆինանսական միջոցների կառավարման լավատեղյակ հաճախորդների հետ դժգոհություններ, խնդրահարույց իրավիճակներ շատ քիչ են լինում, դրանք բերում են ֆինանսական կառույցների հանդեպ վստահության բարձրացմանը, որն էլ, իր հերթին, բերում է նրան, որ հաճախորդները սկսում են ավելի հաճախ օգտագործել համեմատաբար բարդ ֆինանսական գործիքներ: Կարգապահությունն ու պատասխանատվությունն է ավելանում»,- նշել է Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: «Մեր 9 տարիների գործունեությունն ապացուցում է, որ իրազեկվածության ծրագրերը տալիս են իրենց դրական արդյունքը, եւ այժմ ունենք ավելի իրազեկված հաճախորդներ, քան 9 տարի առաջ»,- նշել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանն էլ նշել է, որ ծրագրին մասնակցելու են հագեցած ծրագրով:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ներկայացուցիչ Փառանձեմ Ավագյանը, իր հերթին, տեղեկացրել է, որ ներկայացնում են Market Watch համակարգի միջոցով ստեղծված խաղ, որի նպատակն է երիտասարդների շրջանում ֆոնդային բորսայի մասին տեղեկացվածության բարձրացումը: «16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները կարող են գրանցվել խաղին, մասնակցել եւ վիրտուալ ֆոնդային բորսայում կատարել գործարքներ: Դրա հետ մեկտեղ մշակել ռազմավարություն եւ ստանալ շահույթ: Առաջին երեք բարձր շահույթ ստացողները նվերներ կստանան մեր կողմից»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 2602