Երեւան, 19 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում “Հայփոստ” ընկերությունը ներկայացրել է իր առաջին վերակառուցված փոստային բաժանմունքը, որը գտնվում է Թումանյան 16 հասցեում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Հայփոստի” հավատագրամային կառավարիչ Հանս Բոննը հայտարարել է, որ նոր բաժանմունքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին եւ չի զիջում Փարիզում, Բրյուսելում, Ամստերդամում եւ այլ եվրոպական մայրաքաղաքներում գործող փոստային բաժանմունքներին: Սա առաջին նախատիպային բաժանմունքն է, որի օրինակով վերակառուցվելու են “Հայփոստի” մյուս բոլոր բաժանմունքները: Նախատեսվում է, որ դրանց թիվը Հայաստանում կկազմի 900: Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկայնը նշել է, որ նոր բաժանմունքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին եւ հույս է հայտնել, որ “Հայփոստ Թրասթ Մենեջմենթը” ժամանակին կիրագործի իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ “Հայփոստի” զարգացումը կլուծի մայրաքաղաքում եւ շրջաններում ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունների մատչելիության հարցը: “Բացի այդ, մենք ունենք ինֆորմացիոն հասարակություն ձեւավորմանն առնչվող գաղափարներ, եւ “Հայփոստի” զարգացումը կարող է լավ հենարան հանդիսանալ դրանք իրագործելու համար”,- նշել է նախարարը: Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս “Փոստբանկը” կհայտարարի իր բացման մասին, ինչից հետո ՙմենք հնարավորություն կունենանք իրագործել մեր բոլոր ծրագրերը՚: Այսօր ներկայացվեց նաեւ Հայփոստի նորացված www.haypost.am կայքը: “Հայփոստ Թրասթ Մենեջմենթը” ընկերությունը ստեղծվել է հոլանդական Post Finance International ընկերության կողմից` “Հայփոստ” ՓԲԸ կառավարելու նպատակով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6412