Ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ նորաբաց «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է։Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր, պատասխանելով Մեդիամաքսի հարցին, ասել է. ««ՎիզաՄետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։«Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,- հավելել է դեսպանը։ Ազգային վիզաների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենալու եւ դրանցով բացառապես զբաղվելու է դեսպանությունը։ Դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդն էլ նշել է, որ այս փոփոխության արդյունքում կրկնապատկվի դիմումների քանակը։ Դեսպանության աշխատակիցը հայտնել է, որ 2017-ին Երեւանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է Շենգենյան վիզայի 15 200 դիմումներ եւ տրամադրել է շուրջ 14 000 վիզա։ Մերժումների չափաքանակը կազմել է 7,8%։ Tweet Դիտում՝ 3229