«Բիզնես Արմենիա»-ն խոստանում է 2018-ին $47 մլն-ի ներդրում ապահովել

27.03.2018 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բիզնես Արմենիա» #Զարգացման հիմնադրամ #Արմեն Ավակ Ավակյան
Հայաստանի զարգացման հիմնադրամն այսուհետ հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով:

Հիմնադրամի նոր անունը, կորպորատիվ ոճը եւ 2018-ի թիրախներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով՝ 2018-ին հիմնադրամի աջակցությամբ $16,3 մլն-ի արտահանում եւ $46,8 մլն-ի ներդրումներ պետք է ապահովվեն:

Այս տարի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կստեղծվի նաեւ Select Armenia համապարփակ էլ. հարթակը, որը Invest Armenia եւ Made in Armenia բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը։

2018-ին «Բիզնես Արմենիա»-ի կողմից սպասարկվող ընկերությունների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման» CRM համակարգ, Հետսպասարկման թիմին կից կգործի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտահանողների եւ ներդրողների խնդիրներին։


Շուրջ $394 000 դրամաշնորհով կներդրվի ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) eRegulations գործիքը, որի միջոցով կդասակարգվի եւ կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ Հարթակը եւ համակարգերը ներդնելու համար Ֆոնդհայթայթման թիմը հաջողությամբ ավարտին է հասցրել ֆինանսավորման բանակցությունները։

«Բիզնես Արմենիա»-ի հոգաբարձուների խորհուրդը նաեւ հաստատել է 2017թ. գործունեության արդյունքները։ Հիմնադրամի աջակցությամբ անցած տարի հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի, նոր գործարար կապեր է ստեղծել եւ կնքել ռեկորդային ծավալի՝ 5 մլրդ 391 մլն դրամի արտահանման պայմանագրեր։ Այն կրկնակի ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ կատարված 1 դրամ ծախսի դիմաց արդյունքը 23 դրամից ավելի է։ Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված 12 գործարար համաժողովի արդյունքում կնքվել են եւս 317 մլն դրամի գործարքներ։


Տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով Հայաստանում $15,5 մլն-ի ներդրումային հուշագրեր են կնքվել, եւս $3 մլն-ի վերաներդրում է կատարվել։

Նախորդ տարի Հայաստանի զարգացման հիմնադրամը կառուցվածքային բարեփոխումներ է իրականացրել՝ գործառույթների շրջանակից դուրս բերելով տուրիզմի բաղադրիչը եւ վերածվելով բացառապես բիզնես ուղղվածության կառույցի։

Հիմնադրամի նորաստեղծ Գործարարության աջակցության ակումբի անդամ ընկերությունները 2 ամսից մինչեւ անժամկետ անվճար եւ զեղչով խորհրդատվական ծառայություններ են մատուցում արտադրող եւ ներդրող գործարարներին։ Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ արդեն տասնյակ ընկերություններ օգտվել են բեռնափոխադրման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, բիզնես խորհրդատվական ծառայություններից, գրանցվել է օտարերկրյա կապիտալով 1 նոր ընկերություն։

Հիմնադրամի Հետսպասարկման թիմը հավաքել է օտարերկրյա ուղղակի ներդումներով 300 ընկերությունների բազա, բացահայտել եւ լուծել է 10 խնդիր։ Հիմնադրամն ընդունել է 19 գործարար առաքելություն, իրականացրել 3-ը՝ արտագնա, Լիբանան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ընդունել է գործարար պատվիրակություններ Իրանից, Լիտվայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Մեքսիկայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։


Հիմնադրամը ներկայացուցիչների ցանց է ստեղծել, եւ այսօր «Բիզնես Արմենիա»-ն իր 35 պաշտոնական ներկայացուցիչների միջոցով բիզնեսի հետ Հայաստանի մասին «խոսում է» 16 լեզվով՝ աշխարհի 25 պետություններում։
Դիտում՝ 9670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW