Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեության արդյունքում այս տարի տնտեսությունում ներգրավվել է շուրջ $15,4 մլն օտարերկրյա ներդրում (անցած տարի ցուցանիշը մոտ է եղել 0-ի):Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:Նրա խոսքով՝ հիմնադրամի ջանքերով կնքվել է շուրջ 5,4 մլրդ դրամի արտահանման պայմանագիր: Ցուցանիշն անցած տարվա համեմատ ավելի քան կրկնապատկվել է այն դեպքում, երբ հիմնադրամի բյուջեն այս մասով մնացել է անփոփոխ: 09.06.2017 | 08:50 Արմեն Ավակ Ավակյան. Հիմնադրամում ավելացնելու եմ բիզնես տրամաբանությունը «Այս արդյունքներին մենք հասել ենք՝ ծախսելով այն նույն գումարը, ինչն անցած տարի էինք ծախսել: Նախորդ տարի, եթե մեր ծախսած 1 դրամից արտահանման արդյունքում տնտեսություն էր մտել 10,7 դրամ, ապա այս տարի ցուցանիշը հասցրել ենք 23,8 դրամի: Մեծ են նաեւ մեր հետագա ակնկալիքները. որոշ գործարքների մասով ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, սակայն վերջնական պայմանագիրը դեռ կնքված չէ»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը:Նա տեղեկացրել է, որ հիմնադրամում ներկայում առկա է 29 ներդրումային առաջարկ՝ $1,6 մլրդ ընդհանուր արժողությամբ, որոնց նկատմամբ առկա է ներդրողների հետաքրքրությունը: Ընթացքի մեջ է նաեւ RInnovate մրցութային ծրագիրը, որը նախատեսված է բիզնես տրամաբանություն ունեցող զբոսաշրջային նախագծերի համար: Ընդունվել է մասնակցության 60 հայտ, որոնցից երրորդ փուլ անցած 5-ը ներկայացվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դատին: Առաջին երեք տեղերը զբաղեցրած նախագծերը կստանան համապատասխանաբար $15 հազ., $10 հազ., $5 հազ. մրցանակ: Բացի այդ, հիմնադրամը կօգնի նրանց բարելավել բիզնես ծրագրերն ու գտնել ներդրողներ:Անդրադառնալով հիմնադրամի մարքեթինգային գործունեության արդյունքներին՝ Արմեն Ավակ Ավակյանն այս գործում ընդգծել է բիզնես ֆորումների եւ ցուցահանդեսների դերը, որոնք «անմիջականորեն կապված են արձանագրված ցուցանիշների հետ»:Մասնավորապես, 2017-ին կազմակերպվել է 9 գործարար համաժողով եւ շուրջ 600 B2B հանդիպում՝ ստեղծելով հարթակ հայաստանյան եւ դրսի գործարարների համար. արդյունքում կնքվել է արտահանման 4 պայմանագիր՝ 316,8 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:«Մենք սկսել ենք ընդլայնել մեր ներկայացուցիչների ցանցն աշխարհում: Այսօր արդեն ունենք 33 ներկայացուցիչ տարբեր երկրներում: Ընդհանուր առմամբ, 120 գործարար մեզ հետ կապվել է եւ ասել, որ հետաքրքրված է այս կամ այն ծրագրով. նրանցից 80-ը եկել են ուղիղ ճանապարհով, հիմնականում՝ investmentprojects.am հարթակով, իսկ մնացած 40-ը՝ ներկայացուցիչների միջոցով»,- ասել է նա: Ինչ վերաբերում է վերոնշյալ կայքին, ապա այն արդեն ունի 20 հազ. այցելու՝ օրական միջինը 150 -200 այցելու:Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ բավական ակտիվ գործում է նաեւ հիմնադրամի հետներդրումային սպասարկումը: Այս պահին սպասարկվում է 375 տեղական արտահանող եւ 280 օտարերկրյա ներդրող: Հաջորդ տարվանից էլ նախատեսվում է բացել Թեժ գծի ծառայություն, որը պատրաստ կլինի շուրջօրյա «լսել» գործարարների խնդիրներն ու փորձել լուծել դրանք:Գործարարները հիմնադրամին դիմում են հիմնականում երեք պատճառով՝ օրենքի չիմացություն կամ թերի իմացություն, խնդիրներ՝ կապված պետական վարչարարության համեմատաբար դանդաղ ընթացքի հետ, եւ հարկային ու մաքսային ոլորտի խնդիրներ: Tweet Դիտում՝ 7353