ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը: Սիլվի Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների բարելավում, արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում, կայուն միջավայր եւ բնական ռեսուրսների կառավարում: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը կարեւորել է նաեւ Հայաստանում իրականացվող փոփոխությունների ընթացքը:Անդրադառնալով Հայաստանի տարբեր ոլորտներում Սփյուռքի ներգրավվածության ընդլայնման միտումներին՝ Սիլվի Բոսութրոն նշել է, որ դրանք դրական ազդեցություն կունենան երկրում բարեփոխումների իրականացման գործընթացի վրա: Կարեն Կարապետյանը ողջունել է ներկայացված ծրագրի նախագիծը եւ առաջարկել դրա շուրջ շարունակել քննարկումները կառավարության տարբեր մարմինների հետ:«Գյուղատնտեսության ոլորտում սկսել ենք իրականացնել ծրագրերի մեծ փաթեթ, որի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ուղղորդել՝ զբաղվելու ավելի էֆեկտիվ, ժամանակակից եւ ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Այս առումով, կարեւոր է, որպեսզի ջրային ռեսուսների կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվեն եւ այն դառնա տրամաբանական բիզնես, ինչը կբերի արդյունավետության, կարգապահության բարձրացման, ծախսերի նվազեցմանը», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1391