Կայացել է Հարկերի վճարում ցուցանիշի մեթոդաբանության վերաբերյալ PwC եւ ՌՆԿ աշխատաժողովը

19.03.2018 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC #ՌՆԿ #Վիկտոր Նալբանդյան
«ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերությունը (PwC)՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) հետ համատեղ, մարտի 13-ին եւ 14-ին կազմակերպել էր Հարկերի վճարում ցուցանիշի մեթոդաբանության եւ ՀՀ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աջակցության վերաբերյալ երկօրյա աշխատաժողով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ եւ դոնոր կազմակերպություններ։

2006թ. Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի առաջին հրապարակումից սկսած եւ արդեն 12 տարի շարունակ՝ PwC-ն Համաշխարհային բանկի հետ համատեղ հրապարակում է առանձին հաշվետվություն՝ «Հարկերի վճարում» ցուցանիշի վերաբերյալ, որտեղ ներկայացվում է հարկերի վճարման հետագա ըմբռնումը եւ վերլուծությունը։
   
PwC Արմենիայի գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանը նշել է, որ PwC-ն վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու կառավարությանը՝ Հայաստանում ընդհանուր գործարար միջավայրի բարելավման գործում՝ կիսելով PwC-ի միջազգային փորձը Հայաստանի մասնագետների հետ։

PwC Մեծ Բրիտանիան ներկայացրել է հարկերի գծով ավագ մենեջեր Թոմ Դեինին, որը հանդես է եկել «Հարկերի վճարում» ցուցանիշին նվիրված զեկույցով, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականության փորձագետ Սայմոն Քերին, որը ՀՀ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աջակցության վերաբերյալ իր ելույթում, մասնավորապես, անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքում անուղղակի հարկերի չափաբաժնի ավելացմանը, դրանց առավելություններին ու թերություններին, ներկայացրել միջազգային փորձը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու լավագույն օրինակները, ներդրումային հարկային արտոնությունները եւ զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը վերաբերող հարցերը։

158 երկրում ավելի քան 236 000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը 2007թ. սեպտեմբերից բացել է իր գրասենյակը Երեւանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաեւ միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան եւ ունենալ ներդրում հայկական բիզնեսի եւ գործարար միջավայրի զարգացման գործում:
Դիտում՝ 6675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW