Մարտի 19-ին ԱՄՆ-ում կկայանա Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի նիստը

05.03.2018 | 20:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Բրայան ՄաքՖիթերս
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունում, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, ագրոբիզնեսը եւ այլն։

Սուրեն Կարայանը նշել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017-ին զգալի աճ է արձանագրել, եւ այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։

Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, եւ հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ Այդ տեսակետից կարեւորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։

«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առեւտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված  Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը եւ աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են»,- նշել է Բրայան ՄաքՖիթերսը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առեւտրային ռեժիմին առչվող հարցերին։
Դիտում՝ 9564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW