ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը «Արար» հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է գյուղատնտեսության, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում:Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է, որ ներկայումս երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի դրույթները եւ նախարարությունների ճյուղային ռազմավարությունների հստակեցումները:Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ կենտրոնի նախաձեռնությամբ ու անմիջական հսկողությամբ իրականացվող մեկ այլ՝ «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը, որը ներգրավել է 21 հայ երիտասարդների Հայաստանից եւ Սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար: Ծրագրի առաքելություններից մեկը պետական համակարգում աշխատանքն առավել գրավիչ եւ արդիական դարձնելն է՝ ներգրավելով պատրաստված եւ առաջադեմ մասնագետների: Կենտրոնի կատարած աշխատանքների շարքում Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է նաեւ «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնված «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի մշակման աշխատանքների մասին, որտեղ կենտրոնը հանդես է եկել որպես համակարգող: Փաստաթուղթը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է նաեւ, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ եւ միջազգային փորձագիտական խմբի ներգրավմամբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն աջակցում է «Պետության-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում։ Հիշյալ օրինագիծը միտված է կարգավորելու Հայաստանում պետություն-մասնավոր կառույցներ գործարքների նախագծման, իրականացման եւ մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին: Tweet Դիտում՝ 1893