Երեւան, 12 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Վիվասել” բջջային օպերատորի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը, եւ ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի բջջային շուկայի 67%-ը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս թվերն այսօր ներկայացրել է “Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հանդես գալով շուկայում ընկերության աշխատանքի երկրորդ տարեդարձին նվիրված մամլո ասուլիսում: Նա նշել է, որ “2005 թ. նոյեմբերին ընկերությունը հնարավորություն ուներ սպասարկել ընդամենը 400 հազար բաժանորդ, սակայն նույն տարվա դեկտեմբերին “Վիվասելը” կրկնապատկեց իր ցանցի հնարավորություններն երկրի ողջ տարածքով”: Յիրիկյանի խոսքերով, 2006 թ. վերջում ընկերության բաժանորդների թիվը գերազանցեց շուկայի 65%-ը: Ռալֆ Յիրիկյանը վստահություն է հայտնել, որ “Վիվասելը” Հայաստանի բջջային կապի շուկայի առաջնորդն է: “Վիվասելի” տնօրեների խորհրդի նախագահ Պյեր Ֆատուշը հայտարարել է, որ ներկայումս ընկերության մասնագետներն աշխատում են ցանցի հնարավորությունների ընդլայնման վրա, ինչը թույլ կտա սպասարկել մինչեւ 1.5 մլն բաժանորդ: Պյեր Ֆատուշն ասել է, որ վերջին երկու տարիներին “Վիվասելի” ստեղծման եւ զարգացման համար ներդրվել է $250 մլն, եւ ներդրումները շարունակվելու են: Նա նշել է, որ մոտ ապագայում “Վիվասելն” իր բաժանորդներին առաջարկելու է երրորդ սերնդի (3G) բջջային կապի ծառայություններ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5701