Երեւան, 9 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս տարի “բում” է ակնկալում Հայաստանի բանկային շուկայում, որին նպաստելու է մի շարք նոր բանկերի մուտքը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ 2007 թ. Հայաստանի բանկային ոլորտը, որտեղ գործում է 21 բանկ, իսկ արտասահմանյան կապիտալի բաժինը գերազանցում է 50%-ը, ակնկալվում է արտասահմանյան 7 նոր բանկերի մուտք: “Բանկային ոլորտը տարեկան աճում է 25%-ով` գերազանցելով երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերը երկու անգամ: Այս տարի մեզ մոտ բում է լինելու, քանի որ յոթ նոր բանկեր կսկսեն գործունեություն ծավալել”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ “ՊրոԿրեդիտԲանկն” ու “Ռայֆֆայզենը”, լիբանական “Բիբլոսը”, ռուսական “Գազպրոմբանկը”, ինչպես նաեւ հոլանդական International Post Service-ը, որ մտադիր է Հայաստանում ստեղծել փոստային բանկ, արդեն պաշտոնապես հայտարարել են հայկական շուկա դուրս գալու մտադրության մասին: Եւս երկու բանկերի հետ, որոնց անուները Տիգրան Սարգսյանը չնշեց, բանակցություններ են վարվում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԿԲ-ի համար կողմնորոշիչ է Հայաստանի բանկային ոլորտի 40 տոկոսանոց աճը: “Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակը դեռեւս շատ ցածր է, ինչը պայմանավորված է շուկայի փոքր ծավալով: Սակայն Հայաստանը ձգտում է ժամանակի հետ դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը”,- ասել է ԿԲ նախագահը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ “գլխավոր ռիսկը Հայաստանի ԿԲ-ի համար հանդիսանում է սղաճը”: “Մենք զգում ենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուրջ սղաճային ճնշում”,- ասել է ԿԲ ղեկավարը: “Վերջին երեք ու կես տարիների ընթացքում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեւորվել է 50%-ով: Եւ այդ գործընթացը շարունակվելու է”,- ասել է Տիգրան Սարգսյանը` հրաժարվելով կանշագուշակել ազգային դրամի հետագա արժեւորման մակարդակը: Հայաստանի ԿԲ ղեկավարի գնահատմամբ, այս տարի հանրապետություն մուտք գործող մասնավոր տրանսֆերտների ծավալը կկազմի մոտ $1350 մլն եւ դրանց ծավալների տարեկան միջին աճը մոտակա 5 տարիներին կպահպանվի 30% մակարդակի վրա: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7833