Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այսօր ասել է, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը եւ հստակ պատկերացումներն անհրաժեշտ են, քանի որ ամբողջ գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է։ Փոխքաղաքապետի խոսքով՝ վարորդների կրճատման, տրանսպորտային միջոցների փոքրաթվության, երթեւեկության ժամանակի ավելացման կամ սակագնի մասին շրջանառվող խոսակցությունները գործընթացի մասին տեղեկացվածության ցածր մակարդակի հետեւանք են։ «Մարդիկ կարծում են, որ եթե շարժակազմը կրճատվում է, ուրեմն վարորդների թիվը եւս կրճատվելու է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նոր պայմաններում վարորդներն աշխատելու են հերթափոխով, ուստի՝ հնարավոր է նույնիսկ, որ լրացուցիչ վարորդների անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Վահե Նիկոյանը։Անդրադառնալով տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսված շարժակազմի կրճատմանը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ «դա օպտիմալ լուծումների եւ խելացի նախագծման արդյունք է»։ Հաշվարկված 939 ավտոբուսը եւ 111 տրոլեյբուսը բավարար են մայրաքաղաքի ուղեւորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար։ Նոր ցանցով նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են Երեւանի ամբողջ տարածքը։ Ուղեւորները Ա կետից Բ կետ կարող են հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանման հստակ չվացուցակ, եւ մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթեւեկությունը։ Մեկ ուղեւորության համար մարդիկ վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու եւ ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որեւէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։Ներկայում տրանսպորտի նոր ցանցի նախագիծը վերջնականացման փուլում է։ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ սակագնի հաշվարկները կատարվելու են բոլոր փուլերի ամփոփումից հետո` որպես առաջնահերթություն ունենալով սակագնի մատչելիությունը։ Tweet Դիտում՝ 1897