Ֆինհաշտարարին ներկայացված դիմումներն ավելացել են 6%-ով
24.01.2018 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Այս մասին այսօր գրասենյակի 9-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ ասել է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ներկայացված բողոքներից 4368-ը վերաբերել են ֆինանսական համակարգին, քննության է առվել դրանցից 1672-ը (աճ՝ 9,8%):
Պահանջների քննության արդյունքում գործերի 82%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի: Քննության ընդունված թվով 1672 պահանջներից 217-ը 2018թ. հունվարի 18-ի դրությամբ գտնվել է քննության փուլում:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ ներկայացված դրական ելքով գործերի 50%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:
Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2017թ. քննության ընդունված 1672 գործերից 1455-ի շրջանակում hաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 181 300 801 դրամ գումար:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ ներկայացված դիմումների հիմնական մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերություններին (1358): Դրան հաջորդում են բանկերի դեմ բողոքները (270): Բողոքներ են եղել նաեւ կապված վարկային կազմակերպությունների հետ (22):
«2009-2018 թթ. գրասենյակ է ներկայացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ 20 316 բողոք, որոնցից քննության է ընդունվել 7517-ը: Պահանջների քննության ընթացքում հատուցվել է 1 219 845 819 դրամ: Հօգուտ հաճախորդի ելքով գործերը կազմում են 73,38%-ը»,- ամփոփել է Փիրուզ Սարգսյանը:
Ֆինանսական համակարգի հաշտարարը ներկայացրել է նաեւ 2017թ. արդյունքներով հաշտարարի հետ լավագույն համագործակցող ճանաչված կազմակերպությունները, որոնց համաձայն՝ լավագույն համագործակցող բանկ է ճանաչվել Յունիբանկը, լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն՝ «Նաիրի Ինշուրանսը»:
Հաշտարարի հետ լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել Աննա Բաղդասարյանը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկից, եւ Հովիկ Օհանջանյանը՝ «Սիլ Ինշուրանս»-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: