«2018-ին տնտեսական բարձր ցուցանիշների տենդենցը կպահպանվի»

16.01.2018 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ՊԵԿ #Կարեն Բրուտյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 15-ին Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի ընթացքում ասել է, որ այս տարի խաղի կանոնները նույնն են լինելու:

«Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ 2017թ. պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11,6%-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետեւաբար նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7,3%: ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017թ. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60,6 մլրդ դրամ, ինչը 24,6%-ով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն էլ զեկուցել է, որ 2017-ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման եւ հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ:

«Նախատեսում ենք 2019թ. փաստացի կատարողական 10% աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որպեսզի դրա արդյունքում ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առեւտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13%: Հաշվի առնելով 2017-ի դինամիկան եւ առկա վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,- ասել է Կարեն Բրուտյանը:

Կարեն Կարապետյանը եւս իրատեսական է գնահատել այդ թիրախը. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017թ. տնտեսական ցուցանիշները: Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր՝ քան նախատեսել ենք 2016-ին: 2018-ին ունենք նախադրյալներ, որպեսզի այդ տենդենցը պահպանվի: Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք եւ այն ինչ պլանավորել ենք՝ պետք է միանշանակ կատարենք»:

Անդրադառնալով ապրանքների մատակարարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակմանը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ 2017-ին իրականում շատ բան է իրականացվել եւ դեռեւս շատ բան կա անելու:

«Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցերը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, եւ մենք անպայման հետեւողական կերպով պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 2442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW