Հայաստանը տեւական դադարից հետո, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, հունվարի 23-26-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կմասնակցի 48-րդ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum):Այս մասին Banks.am-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:Նա տեղեկացրել է, որ ֆորումի շրջանակում նախատեսվում է վարչապետի ելույթը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ:Պատվիրակության կազմը դեռեւս հստակ չէ, բայց այն, ըստ խոսնակի, կլինի ոչ շատ մեծ:Հիշեցնենք, որ վերջին անգամ Դավոսին Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, մասնակցել էր 2009-ին: Վերջին տարիներին Դավոսի ֆորումում Հայաստանի ներկայացված չլինելը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով: Այս տարի Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումը կկրի «Ստեղծելով ընդհանուր ապագա մասնատված աշխարհի համար» խորագիրը, որի նպատակն է վերականգնել միջազգային համագործակցությունը՝ ուղղված գլոբալ մարտահրավերների դիմակայմանը: Ֆորումի շրջանակում նախատեսվում են տարբեր ձեւաչափերի 400-ից ավելի քննարկումներ:Ֆորումին կմասնակցի 2500-ից ավելի հյուր՝ աշխարհի շուրջ 100 երկրից: Այս տարի ֆորումին նախատեսվում է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ֆորումին վերջին անգամ մասնակցել էր 2009-ին, այս տարի չի պլանավորում մասնակցություն համաժողովին: Tweet Դիտում՝ 9780