Արթուր Ջավադյան. Բանկերն այսօր բավարար իրացվելի են ու կապիտալացված

28.12.2017 | 21:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ #ուղերձ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասել է, որ բանկերը ներկայում բավարար իրացվելի եւ կապիտալացված են՝ ապահովելու տնտեսության վարկերի պահանջարկը:

Այս մասին ԿԲ նախագահն ասել է տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ֆինանսական ինստիտուտների եւ, հատկապես, բանկերի «ճկուն գործունեությունը, ինչի շնորհիվ ԿԲ քաղաքականության արդյունքներն ավելի արագ են առարկայական դառնում»:

«Չնայած ճգնաժամային տարիների տնտեսության իրական հատվածից բխող ռիսկերին՝ բանկերը վարկավորել են տնտեսական ներուժն ավելացնող ոլորտները՝ գիտակցելով, որ իրենց գործունեությամբ որոշակիորեն կնպաստեն տնտեսական աճին: Տնտեսությանը ֆինանսական միջոցների տրամադրման գործում մշտապես ակտիվ են եղել նաեւ վարկային կազմակերպությունները»,- ասել է նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ վերջին տաս տարիներին գրեթե եռակի ավելացել է տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը բնութագրող վարկ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, արձանագրվել է բանկային ծառայություններից օգտվողների եւ ծառայությունների հասանելիության էական աճ, ինչպես նաեւ վարկերի տոկոսադրույքների դինամիկ նվազում:

«Բանկային համակարգն ապահովել է ակտիվների եւ վարկերի մոտ 10-ական տոկոս աճ: Տարին կամփոփեն հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով նաեւ վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները: Գնահատելի է ապահովագրական ընկերությունների հետեւողական ջանքերը հասարակության մոտ ապահովագրական մշակույթի ձեւավորման եւ կայացման գործում: Հատկանշական է կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը: Ֆոնդերի ընդհանուր միջոցներն արդեն հատել են 105 մլրդ դրամի շեմը կամ ՀՆԱ-ի մոտ 2%-ը: Այս ֆոնդերի պրոֆեսիոնալ կառավարումը հնարավորություն է տվել ապահովելու բարձր եկամտաբերություն»,- ընդգծել է նա:

Արթուր Ջավադյանը կարեւորել է ArCa համակարգի համագործակցության մեկնարկը «Միր» վճարային համակարգի հետ, ինչի շնորհիվ ArCa քարտերը կարող են սպասարկվել «Միր» վճարային համակարգի ենթակառուցվածքում, եւ «Միր» վճարային համակարգի չիպային հավելվածի կիրառմամբ թողարկվել են առաջին ArCa չիպային քարտերը:

«ԿԲ-ն շարունակելու է պատրաստակամորեն իրագործել իր հիմնական նպատակները՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ տրված անկախության աստիճանի պահպանմամբ, ինչը տասնամյակներ շարունակ տեսությամբ եւ փորձով ապացուցված արդյունավետ ուղին է»,- նշել է նա:

Արթուր Ջավադյանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված տեսանյութում:
Դիտում՝ 10429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW