Երեւան, 29 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր Երեւանում հայտարարել է, որ “մենք մեր առջեւ նպատակ ենք դրել. մինրեւ 2008 թ. ավարտը դառնալ Հայաստանի լավագույն սերվիսային ընկերությունը, եւ վստահ եմ, որ մենք դրան կհասնենք”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Բլիզնյուկն այս մասին ասել է այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը, որը նվիրված էր Ընկերության օրվան, որն “ԱրմենՏելը” նշում է հունիսի 29-ին: Ընկերության օրվան մասնակցելու համար Երեւան են ժամանել “Վիմպելկոմ” ԲԲԸ հիմնադիր եւ պատվավոր նախագահ Դմիտրի Զիմինն ու “Վիմպելկոմի” ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով գործադիր փոխնախագահ, ընկերության վարչության անդամ Դմիտրի Պլեսկոնոսը: Դմիտրի Պլեսկոնոսը հայտարարել է, որ համաշխարհային մակարդակի սերվիսային ընկերություն դառնալու նպատակը դրված է ողջ “Վիմպելկոմ” խմբի առջեւ: Նա “շատ հաջող” է որակել “ԱրմենՏելի” ձեռք բերման գործարքն ու ընդգծել է, որ հայկական շուկան աճի լավ ներուժ ունի տարբեր ուղղություններով` ֆիքսված եւ բջջային կապ, լայնաշերտ ինտերնետ (broadband), բջջային կապի երրորդ սերնդի ծառայություններ (3 G): “ԱրմենՏելի” եզակի փորձը օգնում է մեզ` հնարավորություն տալով հասկանալ իրավիճակը, ճիշտ որոշումներ կայացնել: Մենք կարծում ենք, որ ֆիքսված կապն ու լայնաշերտ ինտերնետը մեզ լայն հնարավորություններ կտան Հայաստանում զարգանալու համար”,- ասել է Դմիտրի Պլեսկոնոսը: “Վիմպելկոմ” ԲԲԸ փոխնախագահն ընդգծել է, որ ընկերությունը Հայաստանում ներդնում է նորագույն սարքավորումներ, “որոնք կհամապատասխանեն շուկայի եւ տեխնոլոգիաների վերջին պահանջներին”: Դմիտրի Պլեսկոնոսը հատուկ նշել է այն աշխատանքը, որ տարվում է “ԱրմենՏելի” ֆիքսված կապի նոր բիլինգային համակարգի ներդրման համար, որը հնարավորություն կտա ընլայնել ծառայությունների տեսականին: “Հայաստանի շուկան մեծ հեռանկարներ ունի ոչ ձայնային ծառայությունների մատուցման տեսանկյունից, այստեղ կան աշխատելու հնարավորություններ”,- ասել է Դմիտրի Պլեսկոնոսը: “Վիմպելկոմ” ԲԲԸ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել հունիսի 28-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից: “Վիմպելկոմ” ԲԲԸ հիմնադիր եւ պատվավոր նախագահ Դմիտրի Զիմինը հայտարարել է ընկերության հանդեպ ՀՀ իշխանությունների “բարեհաճ վերաբերմունքի” մասին եւ նշել է, որ Հայաստանում հեռահաղորդակցության ծառայությունների պահանջարկը գերազանցում է առաջարկը, եւ “դա նոր ծառայությունների զարգացման եւ ներդրման լայն հնարավորություններ է տալիս”: Խոսելով Հայաստանում համակցված /կոնվերգենցիոն/ լուծումների ներդրման հեռանկարների մասին, Դմիտրի Պլեսկոնոսն ասել է, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել “ԱրմենՏելի” բջջային եւ ֆիքսված կապի ծառայությունների բարձր որակը, որից հետո կուսումնասիրվեն դրանց միացման հեռանկարները: “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ “մոտակա մի քանի ամիսներին դուք կտեսնեք լայանշերտ ինտերնետի զարգացմանն ուղղված մեր ջանքերի առաջին արդյունքները”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7289