Նախագահը կարծում է՝ տնտեսական աճը 6%-ից ավելին կլինի

22.12.2017 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #գործարարներ #տնտեսական աճ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների եւ գործարարների համագործակցության տարի:

Այս մասին նախագահը նշել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետեւ երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային եւ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք եւ, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետեւ 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6%-ից ավելին ենք ունենալու»,- հայտարարել է նախագահը:

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է:

«Արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ $2 մլրդ-ին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20%-ն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առեւտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է $6 մլրդ-ի շեմը՝ արտաքին առեւտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարեւոր է՝ նաեւ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետեւ 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե $6-միլիարդանոց արտաքին առեւտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13%, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ եւ կարեւոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ առաջին անգամն է տեւական ժամանակահատվածում, երբ դեկտեմբերին հայկական դրամը ճնշումներ չի զգում, եւ ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը:

Սերժ Սարգսյանը գործարարներին առաջարկել է նաեւ 2018 թվականին հասնել նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցվի նվազագույնի:
Դիտում՝ 2381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW