ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը՝ հստակեցնելով մերժման հիմքերը:«Տնտեսական ակտիվությանը զուգահեռ՝ համայնքներում հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Դրանց քննության ընթացքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաեւ, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,- ընդգծել է վարչապետը:Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու եւ վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման եւ ձեւական պահանջների բացառման հարցերին՝ ըստ անհրաժեշտության հարցը քննարկելով շահագրգիռ այլ մարմինների հետ։Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է սահմանել հսկողության՝ գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։ Tweet Դիտում՝ 2541