Երեւանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն այսօր ստորագրել են Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Քաղաքապետարանում նշել են, որ պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես՝ մանկապարտեզներում, իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ կնվազի արտանետվող CO2 գազը: Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է €7 մլն վարկ՝ ԵՆԲ-ից, €5 մլն դրամաշնորհ՝ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) եւ €1 մլն դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:«Ծրագիրն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամն է, որ Երեւան համայնքը ստորագրում է ոչ սուվերեն վարկի պայմանագիր: Այսպիսով՝ Երեւանը դարձավ առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի վարկ կստանա միջազգային կազմակերպությունից: Ստորագրված այս €7 մլն վարկային եւ €6 մլն դրամաշնորհային միջոցներով կհիմնանորոգվեն համայնքային մի շարք շենքեր եւ կառույցներ, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ այդ շենքերի սեյսմիկ ամրացում»,- ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է նաեւ ստորագրել կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող դրամաշնորհային համաձայնագիրը։Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն էլ նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ նախաձեռնված բոլոր ծրագրերն ունեցել են հաջող ընթացք:«Վարկն ուղիղ Երեւանի քաղաքապետարանին տրամադրելով՝ Եվրոպական ներդրումային բանկը փաստում է, որ էներգաարդյունավետության ծրագրերի ոլորտում Հայաստանը կարող է առաջ շարժվել՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ: Հույս ունենք, որ իրականացվող ծրագրերն իրենց դրական ազդեցությունը կունենան Երեւանի բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա»,- ընդգծել է Վազիլ Հուդակը: Tweet Դիտում՝ 3347