Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում այսօր ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր:Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, փաստաթուղթը ստորագրել են նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն ու «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:«Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում արդեն ունենք շուրջ 6500 հայտեր, 3100 հոգի անցել են հավաստագրման դասընթացներ եւ կարող են իրենց ծրագրերով դիմել ֆինանսական կառույցներ ու վարկունակության դեպքում օգտվել վարկերից»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվորեն շարունակվում է վարկերի տրամադրման գործընթացը, եւ արդեն շուրջ 300 գյուղացիական տնտեսություններ վարկավորվել են տարբեր ֆինանսական կառույցների կողմից: Ռոբերտ Մակարյանը նաեւ ընդգծել է, որ հաջողության դեպքում ծրագրի իրականացման ծավալները հաջորդ տարիներին կավելանան:«Ծրագիրը հնարավորություն կտա արտոնյալ, մատչելի պայմաններով ֆինանսավորում ստանալ ծրագրերի իրականացման համար: Համոզված եմ, որ պահանջարկը մեծ է լինելու»,- նշել է Հրաչ Դարբինյանը: Վահե Հարությունյանի խոսքով` ծրագրի պայմաններն ավելի մեծ հնարավորություն են տալիս ֆերմերներին՝ ավելացնելու իրենց ներդրումներն ու եկամուտները:«Գործընթացն ուղեկցվում է նաեւ կրթական, վերապատրաստման դասընթացներով, որոնք իրականացվում են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից: Իրականացվում են դասընթացներ, որոնք բարձրացնում են ֆերմերների իրազեկվածության մակարդակը ծրագրի վերաբերյալ եւ հնարավորություն են տալիս ավելի գիտակցորեն մոտենալ ծրագրին, որպեսզի վարկեր վերցնելուց կարողանան կանխատեսել ռիսկերը», - նշել է նա:Նախարարությունում հիշեցրել են, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարով եւ տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: Tweet Դիտում՝ 2801