Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են շուրջ 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով՝ կազմելով 437 մլրդ դրամ:Ընդ որում, խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61%-ը:Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, այս մասին նշել է Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:Նրա խոսքով՝ եթե 2016թ. հունվար-հոկտեմբերին հարկային գերավճարներն աճել էին 6,3 մլրդ դրամով, ապա 2017թ. նույն ամիսներին, ընդհակառակը, նվազել են 19,2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում՝ հարկային եկամուտների աճը կազմել է 62,3 մլրդ դրամ կամ 16%: Ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների աճը կազմել է շուրջ 7%՝ շրջանառության 11% աճի պայմաններում, մինչդեռ ռիսկային համարվող հարկ վճարողներինն ավելացել է շուրջ 20%-ով՝ շրջանառության 27,7% աճի պայմաններում: Այսինքն՝ ռիսկային տնտեսվարողների վճարած հարկերի աճի տեմպը 2,7 անգամ բարձր է եղել ոչ ռիսկայիններից:«Օրենսդրական փոփոխությունները, տնտեսական ցուցանիշների վրա ազդող տարբեր պայմանները եւ հարկային վարչարարության ուժեղացումը, մասնավորապես՝ իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների եւ հարկվող օբյեկտների ամբողջությամբ հայտարարագրման նկատմամբ հսկողությունը, հանգեցրել են հարկատեսակների գծով ցուցանիշների բարելավման»,- ընդգծել է ՊԵԿ ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 2023