Ձվի նախատոնական դեֆիցիտ չի սպասվում

29.11.2017 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղնախարարություն #ձու #ՏՄՊՊՀ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում վստահեցրել են, որ հանրապետությունում ձվի դեֆիցիտ չի սպասվում, եւ առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

«Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալներն էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ, մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Նոյեմբերին տեղական արտադրությունը նվազել է 2017-ին հայտարարված կարանտինով պայմանավորված՝ ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով: Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առեւտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում:

«Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ Ռուսաստանից: Առաջիկայում ձեռնարկված միջոցառումների եւ տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ՝ գները կկայունանան՝ վերականգնելով նախկին մակարդակը»,- նշել են նախարարությունում:

Գյուղատնտեսության նախարարությունը, ՏՄՊՊՀ-ն եւ Հայաստանի թռչնաբույծների միությունը շարունակում են մշտադիտարկումներ անցկացնել շուկայում:
Դիտում՝ 1388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW