Երեւան, 22 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Global Rating Group միջազգային վարկանիշային կազմակերպությունը “B-“ (կայուն վարկային կանխատեսում) վարկանիշն է շնորհել ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿ՚-ին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Global Rating Group-ի նախագահ Ռիչարդ Հեյնսվորտն այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ այդ փաստը վկայում է բանկի գործունեության մեծ թափանցիկության մասին: Վարկանիշը պայմանավորված է զարգացման բարձր տեմպերով, ուժեղ սեփականատիրոջ առկայությամբ, առավելագույն թափանցիկությամբ: Կապիտալի բավարարության մակարդակը բնութագրվում է որպես բարձր, կառուցվածքն ու որակը դրական են գնահատված: Դրական գնահատական է ստացել նաեւ ակտիվների որակը: Բանկի գործունեությունը շահութաբեր է, շահույթի ցուցանիշները գոհացուցիչ են: Հեյնսվորտի խոսքերով, “յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր ազգային վարկանիշային գործակալությունն ու իր ձայնը միջազգային շուկաներում՚: 2006 թ. դեկտեմբերից Global Rating Group-ը Հայաստանում ներկայացնում է “AmRating” վարկանիշային գործակալությունը: "Այսօր մեզ համար բեկումնային պահ է, քանի որ “AmRating”-ը առաջին անգամ վարկանիշ է շնորհում տեղական բանկին”,- ընդգծել է Հեյնսվորտը: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է Հայաստանում ազգային վարկանիշային կազմակերպության ստեղծման կարեւորությունն ու ընդգծել է, որ այդպիսի շուկայական ենթակառուցվածքների ստեղծմամբ երկրի բանկային համակարգը ավելի “հասկանալի է” դառնում միջազգային ներդրողների համար: ԿԲ նախագահի խոսքերով, դրա ապացույց է հանդիսանում այն փաստը, որ արտասահմանյան հինգ բանկերից ստացված Հայաստանի բանկային շուկա մտնելու հայտերին ավելացել են եւս երկուսը: “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ”-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ անցած տարվա հոկտեմբերից բանկի ակտիվներն աճել են մոտ 3 անգամ, կապիտալը` 1.5 անգամ, բանկը ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից է դարձել` առաջարկելով նոր բանկային գործիքներ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8820