Վարկ վերցնելու լավագույն ժամանակն է, կարծում են Ամերիաբանկում

29.11.2017 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Արման Բարսեղյան
Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը կարծում է, որ ֆիզիկական անձանց եւ բիզնեսի համար վարկ վերցնելու լավագույն ժամանակն է՝ տոկոսադրույքների առումով:

Արման Բարսեղյանը նման տեսակետ է հայտնել նոյեմբերի 28-ին կայացած իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:

«Ֆինանսական միջոցների կարիք ունեցող տնտեսվարողների եւ տնային տնտեսությունների համար այժմ վարկ վերցնելու լավագույն ժամանակն է՝ հաշվի առնելով տոկոսադրույքների համեմատաբար ցածր մակարդակը: Պետք է օգտվել այս հնարավորությունից, քանի որ հետագայում տոկոսադրույքները եթե անգամ չբարձրանան էլ, նվազման հավանականությունը շատ փոքր է»,- նշել է նա:

Արման Բարսեղյանի խոսքով՝ հայաստանյան բանկերն ի վիճակի չեն լինի երկար գործել տոկոսադրույքների նման մակարդակի պայմաններում, որը «բանկի տեսանկյունից տնտեսապես հիմնավորված չէ եւ ապահովում է կապիտալի ոչ տրամաբանական շահութաբերություն»:

«Բանկային համակարգի շահութաբերությունը, ըստ կապիտալի, 6-7%-ի սահմաններում է, մինչդեռ, օրինակ, դրամային ավանդի տոկոսադրույքը կազմում է 8-9%: Հետեւաբար, անտրամաբանական է, թե ինչու պետք է բանկի բաժնետերը դրամային նույն կապիտալը պահի 6-7% եկամտաբերությամբ ակտիվներում, եթե ավելի փոքր ռիսկով ավանդներն ապահովում են ավելի մեծ եկամտաբերություն: Եթե տոկոսադրույքները շարունակեն նվազել այս տեմպերով, հետագայում կարող են ցնցումներ նկատվել, ինչը կայուն տնտեսական աճի տրամաբանությունից դուրս է: Որոշակի ճշգրտումների անհրաժեշտություն կա»,- ընդգծել է նա:

Ամերիաբանկի ներկայացուցիչը կարծում է, որ այս փուլում ԿԲ-ն կարող է զսպող դրամավարկային գործիքներ կիրառել: Նրա խոսքով՝ նման ազդակ առկա էր նաեւ կարգավորչի վերջերս տարածած հաղորդագրությունում, որտեղ չէր բացառվում դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացման հնարավորությունը:

Արման Բարսեղյանը կանխատեսում է, որ առաջիկայում տոկոսադրույքների նվազման միտումը կդադարի եւ կկայունանա, իսկ որոշակի հանգամանքներից ելնելով՝ հնարավոր են նաեւ դեպի վերեւ որոշակի ճնշումներ:
Դիտում՝ 2032
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW