«Տաշիր»-ը մոտ $1 մլրդ կներդնի Հայաստանի էներգետիկայի ոլորտում

13.11.2017 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաշիր #ՀԷՑ #էներգետիկա
«Տաշիր» ընկերությունների խումբն այսօր Երեւանում ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը՝ հայտարարելով, որ Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիներին մոտ $1 մլրդ-ի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։

Ինչպես հաղորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պաշտոնական կայքը, էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երկու ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում եւ հիդրոէներգետիկայի բնագավառներում:


Առաջիկա տասը տարիներին ՀԷՑ-ը, որը 2015-ից «Տաշիր» խմբում է, մինչեւ $900 մլն կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀԷՑ-ը 2016-ից բանակցություններ է վարել միջազգային ներդրումային բանկերի հետ: Ներկայում ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ $160 մլն-ի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաեւ փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական զարգացման բանկի հետ՝ $100 մլն-ի ներգրավման նպատակով:

Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ առաջիկա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

ՀԷՑ-ում նշել են, որ դեռեւս 1970թ. մշակված եւ 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել:

««Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել: Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան: Սա թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչեւ 460 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6%-ը: Կայանը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի (Հայաստանի Լոռու մարզ) հյուսիսային մասում. ընդհանուր բյուջեն կկազմի մինչեւ $200 մլն:

Ծրագրում իրենց մասնակցությունը կունենան ամերիկյան «Ռոբբինս» ընկերությունը եւ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան։

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում»,- ասված է ՀԷՑ-ի հաղորդագրությունում:
Դիտում՝ 9033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW