ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ծանոթացել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերին: Նախագահը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացմանը, որը ստեղծվել է ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրմամբ: Լաբորատորիաների ստեղծմամբ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել եւ ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնի ստեղծումը կխթանի նաեւ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը: Պատասխանատուների հավաստմամբ՝ ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կիրականացվի կրթաթոշակների տրամադրում Պոլիտեխնիկի Էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի եւ դիզայնի ինստիտուտների՝ 2016-2017 թթ. ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի:Այնուհետ նախագահը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ «Ռիո մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ $40 մլն: Ակնկալվում է կենտրոնի բացմամբ ապահովել շուրջ 500 նոր աշխատատեղ:Սերժ Սարգսյանն «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որի շրջանակում հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիներին մոտ $1 մլրդ-ի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Tweet Դիտում՝ 7522