«Արմենիա պրոդ»՝ գյուղարտադրանքը կարտահանվի մեկ ապրանքանիշի ներքո

06.11.2017 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմենիա պրոդ»
Հայաստանում հիմնադրվել է «Արմենիա պրոդ» ընկերությունը, որի նպատակը մեկ ապրանքանիշի ներքո հայկական գյուղարտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելն է եւ այլ երկրներում ներկայանալի ու ճանաչելի դարձնելը:

«Մեր վերամշակողները հաճախ ունենում են ֆինանսական, լոգիստիկ, գումարների վերադարձելիության եւ այլ խնդիրներ: Դրանց լուծման նպատակով պետական աջակցությամբ հիմնվել է «Արմենիա պրոդ» ընկերությունը, որի հիմնական գաղափարը մեկ միասնական բրենդի ներքո հայկական արտադրանքը արտասահմանյան շուկա հանելն է»,- նոյեմբերի 3-ին Երեւանում կայացած շնորհանդեսին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:  

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն էլ նկատել է, որ ընկերության ստեղծմամբ տնտեսվարողները հնարավորություն կստանան  արտադրությունը կազմակերպել երաշխավորված պայմանագրային հարաբերությունների հիման վրա:

«Այս ընկերության ստեղծմամբ կլուծվի նաեւ արտադրության օպտիմալացման խնդիրը, որովհետեւ թե՛ հումքի եւ թե՛ մնացած օժանդակ նյութերի կազմակերպված գնումների դեպքում գնային առումով կունենանք ինքնարժեքի իջեցում, որը հնարավորություն կտա արտերկրի շուկաներում լինել ավելի մրցունակ»,- ընդգծել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի հաջողության դեպքում կընդգրկվեն նաեւ կաթնամթերքի, մսամթերքի, չրերի արտադրության եւ այլ ոլորտներ, որոնք ունեն   արտասահմանյան շուկա դուրս գալու համար բավարար հզորություններ:

«Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Հովսեփյանը ներկայացրել է միջին եւ փոքր պահածոյագործական ձեռնարկությունների ներկա խնդիրները, մասնավորապես՝ թույլ մարքեթինգային կարողությունները, արտադրանքի ոչ մրցունակ ինքնարժեքն ու գինը, հումքի մթերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը, արտաքին շուկաներում արտադրանքի մատակարարումից հետո վճարումների ուշացման կամ վճարումներից հրաժարվելու դեպքում իրավիճակի լուծման թույլ հնարավորությունները, արտադրողական փոքր ծավալները եւ այլն:

Նրա խոսքով՝ ստեղծվող ընկերության հիմնական գործունեությունն ուղղված կլինի վերոնշյալ խնդիրների լուծմանը եւ տեղական արտադրանքի արտահանումների կազմակերպման ընթացքում առաջացող խոչընդոտների վերացմանը:

Ընկերությունը կիրականացնի մարքեթինգային հետազոտություններ արտաքին շուկաներում, բանակցություններ  կվարի տեղական միջին եւ փոքր արտադրողների ու պոտենցիալ գնորդների հետ, կիրականացնի ապրանքների բրենդավորում, փաթեթավորում եւ լոգիստիկա, ապահովագրության համապատասխան գործիքակազմի կիրառմամբ արտահանումների կազմակերպում:
 
«Ակնկալվում է, որ ընկերության հիմնումը կնպաստի արտադրության եւ մթերվող հումքի ծավալների աճին, ապրանքատեսականու օպտիմալացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորմանը եւ զարգացմանը, փոքր եւ միջին ձեռնարկություններում սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան համակարգերի ներդրմանն ու զարգացմանը»,- ասել է Հայկ Հովսեփյանը:
Դիտում՝ 7368
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW