«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

27.10.2017 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» #գյուղնախարարություն
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, համապատասխան հուշագիրն այսօր ստորագրել են նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ու «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:

«Այս ծրագրին արդեն մասնակցում են երկու ֆինանսական կառույցներ՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն, իսկ այսօրվանից ծրագրին միացել է նաեւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն, ինչը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ այս ոլորտում որակյալ ֆինանսական կառույցների առկայությունն ու փորձառությունը կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտի ավելի մեծ ֆինանսավորման: Կարծում եմ՝ նման ծրագրերը կնպաստեն, որպեսզի մենք ավելի շուտ անցում կատարենք սոցիալականից դեպի արդյունաբերական գյուղատնտեսության»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար մարզերում հավաստագրերի տրամադրման դասընթացներն են անցկացվում, այս պահին կա շուրջ 5 հազ. դիմորդ, որոնցից 1700-ը մասնակցել է դասընթացներին, իսկ 1300 դիմորդ արդեն ստացել է հավաստագիր:

Արմեն Գաբրիելյանն էլ վստահություն է հայտնել, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի ֆերմերներին բարելավել իրենց տնտեսությունները:

«Կարծում եմ՝ այս ծրագիրը մասնակիորեն կլրացնի այն բացը, որն այսօր առկա է մեր երկրի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում»,- նշել է նա:

Արմեն Գաբրիելյանի խոսքով՝ ծրագրին մասնակցել ցանկացողների համար իրենց ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում՝ բացառությամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի:

Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամի վարկեր՝ տարեկան 5% տոկոսադրույքով` նախկին 8%-ի փոխարեն: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%:

Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
Դիտում՝ 4154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW