Ատոմային էներգետիկայի զարգացումը՝ ՀՀ ռազմավարական ուղղություն

27.10.2017 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #ԱԷԿ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:

«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչեւ 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:

ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին եւ այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում իրականացվում են նախագծային եւ շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ դրա արդիականացման միջոցառումներ:

«2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ԱԷԿ հուսալի եւ անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ նախագահն ընդգծել է նաեւ վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը:

«Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով՝ միտված էներգաբլոկի վարժասարքը լիամասշտաբ վիճակի բերելուն: Արդեն հանձնարարված է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, ՀԱԷԿ ղեկավարությանը՝ հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար:

Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա՝ այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարեւորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Դիտում՝ 3304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW