Վարչապետը կոչ է արել իրազեկել գործարարներին բարեփոխումների մասին

26.10.2017 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների իրագործման արդյունավետությանը:

«Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում մասամբ կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած օրենսդրական եւ գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են, այնուամենայնիվ, գործարար հասարակության որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ:

«Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է. բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլեւ դրանց հետեւողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակի, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետեւելը բերում են լիարժեք փոփոխության»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Այս համատեքստում նա ընդգծել է մշակված քաղաքականության մշտական, հետեւողական մոնիտորինգի անհրաժեշտությունը:

«Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, էլեկտրականության միացումներն ավելի օպերատիվ ստանա, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ՝ պարզելու, որ դրանք կարելի է ստանալ նաեւ փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ եւ 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, այլ ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման եւ մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:
Դիտում՝ 2883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai