Կքննարկվի ԵԱՏՄ-ում տեխնիկական արգելքների վերացման հարցը

25.10.2017 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, որոնք Երեւանում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի, Դմիտրի Մեդվեդեւի, Սապար Իսակովի, Անդրեյ Կոբյակովի, Բակիտժան Սագինտաեւի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը նախագահը վստահություն է հայտնել, որ Երեւանում այսօր կայանալիք նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Նա հույս է հայտնել, որ ինչպես այս, այնպես էլ օրակարգում ներառված մյուս հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ նման ձեւաչափով հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփումները, որոնք նպաստում են նիստը հյուրընկալող երկիրն ավելի լավ ճանաչելուն:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներն էլ նշել են, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված բոլոր հարցերը:

Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել է իրականացվող աշխատանքը, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով քաղաքացիների համար հարմարավետ կյանք:
Դիտում՝ 15562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW