ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին եւ «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։Ներկայացնելով ընկերության գործունեությունը եւ արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի եւ տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ էլեկտրական շարժիչով ավտոբուս՝ ընկերության գնումների եւ մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։ Նախարարությունում նշել են, որ հանգամանորեն ներկայացվել են ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ մեկ լիցքավորումը տեւում է մոտ 4 ժամ, ունի մինչեւ 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման եւ տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է եւ՛ տաք, եւ՛ սառը կլիմայական պայմաններում։Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում: Tweet Դիտում՝ 3754