ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ:Կառավարությունը 2016թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ծանոթացել է երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի եւ հետագա քայլերի վերաբերյալ: Վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը: «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը եւ «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ն: Ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երեւանում նման դասի միակ կառույցը՝ 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 42 մլրդ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում: Ընդհանուր համալիրը կվերանվանվի եւ հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկ» բրենդով: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու է կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից եւ բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Համալիրը ներառելու է նաեւ բազմաթիվ ենթակառուցվածքներ եւ կառույցներ, այդ թվում՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Կառուցվելու են նաեւ ստորգետնյա եւ վերգետնյա կայանատեղիներ: Tweet Դիտում՝ 3758