ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրանական գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «ռեստարտ» տալ երկու երկրների հարաբերություններին՝ լավ արդյունքներ ունենալու համար:Այս մասին վարչապետն ասել է հոկտեմբերի 9-ին Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպմանը: «Առաջարկում եմ բոլորիդ ձեր քայլերով ամուր կամուրջ հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների միջեւ ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլ նաեւ շահութաբեր բիզնեսներով: Համոզված եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, եւ մեր կառավարությունը կանգնելու է յուրաքանչյուր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մեջ՝ մեկն այստեղ, մյուսը՝ Հայաստանում»,- ասել է վարչապետը:Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները:«Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով իրականացված ախտորոշման արդյունքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թե ինչն է հատկապես խոչընդոտում տնտեսության զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղված են կառավարման, տնտեսության արդյունավետության բարձրացմանը, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը»,- ասել է վարչապետը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5% տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2%-ի աճ: «Ունենք 21%-ի արտահանման, 28,6%-ի ներմուծման աճ եւ ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50%-ը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 1434