ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար եւ դիտարկվել նաեւ որպես հարթակ՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար»: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը:«Առաջիկայում մենք ավարտում ենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները եւ իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանին հատուկ ռեժիմի մասով: Հայաստանն այսօր ունի GSP+ եւ GSP արտոնյալ ռեժիմներ՝ համապատասխանաբար ԵՄ երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում ճիշտ կլինի քննարկել նաեւ այս աշխատանքներում մեր երկրների մասնակցության հեռանկարները»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց առկա ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել: «Ավելին, ներուժը շատ ավելին է, քան այսօր գոյություն ունեցողը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումը կարեւոր բաղադրիչ է, առավել եւս, որ վերջին շրջանում մենք Հայաստանի կառավարությունում ընդգծել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչի կարեւորությունը: Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման եւ արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում»,- ասել է վարչապետը:Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ այլն: Tweet Դիտում՝ 2798