ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Արաբական միացյալ էմիրությունների հետ տնտեսական հարաբերությունների բնագավառում քաղաքական երկխոսությունն ունի վճռական նշանակություն:Այս մասին նախագահն ասել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ հանդիպմանը:«ԱՄԷ-ի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Այն, ինքնին, չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման, բայց համապատասխան աշխատանքի պարագայում ներուժն ուղղակի շատ է մեծանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:Նա հիշեցրել է վերջին տարիներին ՀՀ-ԱՄԷ հարաբերություններում գրանցված առաջընթացի մասին: Այս երկրի հետ առեւտրաշրջանառությունը հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,5 անգամ: Նախագահը կարեւորել է գործակցությունն արդյունաբերության, ոսկերչության եւ սննդի արտադրության ոլորտներում: Հեռանկարային է նաեւ զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով, որ ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացվել է, եւ երկու էմիրաթական ընկերություն իրականացնում է կանոնավոր չվերթներ:«Այս տարի Հայաստան են այցելել տասը հազար ֆիլիպինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր աշխատում են Էմիրաթներում: Մենք ուղղակի հնարավորություն ունենք հարյուր հազարավոր այդպիսի զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս հնարավորություններն օգտագործենք»,- ասել է նախագահը: Նա կարեւորել է մարտին Աբու Դաբիում անցկացված ներդրումային համաժողովը՝ նշելով, որ դա պետք է շարունակական լինի: «Ես ուզում եմ, որ բոլորս հստակ գիտակցենք՝ Էմիրաթները սոսկ մի պետություն չէ, որի հետ մենք ցանկանում ենք հարաբերություններ խորացնել: Էմիրաթներն այն պետությունն է, որը Ծոցի երկրների համար ունի շատ մեծ նշանակություն: Այսինքն՝ Էմիրաթները սնում են նաեւ բազմաթիվ շուկաներ այդ երկրներում: Սա մի հանգամանք է: Բացի այդ, էմիրաթցիները շատ բարձր են գնահատում Հայաստանի հնարավորությունները՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Կարծում եմ՝ մենք ուղղակի պարտավոր ենք մեկ-մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկել, եռապատկել մեր ապրանքաշրջանառությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 2805